AM
25 Մայիս 2010 - 11:17 AMT

ՀՀ Օմբուդսմեն. Հայաստանում խաղաղ հավաքների անցկացումը չի համապատասխանում միջազգային չափանիշներին

Հայաստանում խաղաղ հավաքների անցկացման իրավունքի հետ կապված ներկայիս իրադրությունը մի շարք չափանիշներով չի համապատասխանում այդ ոլորտում միջազգային չափանիշներին: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` ներկայացնելով «Հայաստանում խաղաղ հավաքների անցկացման մասին» օրենքի վերաբերյալ արտահերթ զեկույցը:

Նրա խոսքով, զանգվածային հրապարակային միջոցառումների հիմնական նպատակը կարծիքների ազատ արտահայտումն ու տարածումն է, հասարակական տրամադրության և շահերի արտահայտումը, ինչպես նաև իշխանության ուշադրության գրավումը հասարակության խնդիրների վրա: «Այդ պայմաններն անքակտելիորեն կապված են միջոցառման անցկացման վայրի և ժամանակի հետ, հետևաբար դրանց փոփոխությունը հանգեցնում է ինքնին միջոցառման իմաստի կորստին, սահմանափակում դրա հրապարակայնությունը, զանգվածայնությունը, արդյունավետությունը և անուղղակիորեն սահմանափակում նման միջոցառում անցկացնելու իրավունքը»,- ասել է օմբուդսմենը: Բացի դրանից, հստակ չափանիշներ չկան օրենքում լուծելու համար այն հարցը, թե արդյոք իրատեսական են ցույցերի կազմակերպիչների պահանջները, թե ոչ, ցույցերի անցկացման վայրի փոփոխության հետ կապված հարցերի լուծման համար, ինչպես նաև չկան նորմեր, որոնք կկարգավորեին բանակցությունները կազմակերպիչների և իրավասու մարմինների միջև:

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանը հիշեցրել է նաև, որ օրենքը չի սահմանում գիշերային ժամերին հավաքների անցկացման կարգը, և չի սահմանում կազմակերպչի ու միջոցառման ղեկավարի հստակ հասկացություններ, ինչի պատճառով կարող են խնդիրներ առաջանալ ցույցի մասնակիցների և իրավապահ մարմինների միջև: «Օրենքում մի շարք դրույթների կարգավորման բացակայությունը կամ անբավարար կարգավորումը խոչընդոտում է խաղաղ հավաքների անցկացման իրավունքի արդյունավետ իրականացմանը և, բնականաբար, ժողովրդավարության հաստատմանը»,- նշել է նա: Արմեն Հարությունյանի կարծիքով, օրենսդրության մեջ նման խնդիրների առկայությունը հաստատում է նաև այն փաստը, որ Երևանի քաղաքապետը 2008 թվականին ավելի քան 80 որոշում է ընդունել զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացումը մերժելու մասին:

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանը հաղորդել է, որ օմբուդսմենի գրասենյակը համապատասխան օրինագիծ է պատրաստում «Հայաստանում խաղաղ հավաքների անցկացման մասին» օրենքի վերաբերյալ իր արտահերթ զեկույցի առնչությամբ: