AM
26 May 2010 - 13:19 AMT

«Արմենտել» ընկերության շահույթը 2010 թ. առաջին եռամսյակում կազմել է 16 մլրդ դրամ

Մատուցած ծառայությունների դիմաց «Արմենտել» ընկերության ստացած շահույթը 2010 թ. առաջին եռամսյակում կազմել է 16 մլրդ դրամ, ինչը 6,2 տոկոսով պակաս է 2009 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ (17 մլրդ դրամ): PanARMENIAN.Net-ի թղթակցին «Արմենտել» ընկերությունը հայտնում է, որ 2010 թ. առաջին եռամսյակում բջջային կապը ընկերությանը 5,6 մլրդ դրամ շահույթ է բերել, իսկ ֆիքսված կապը` 10,2 մլրդ դրամ:

Միևնույն ժամանակ 28,9 տոկոսով ավելացել է բջջային կապի օգտագործվող րոպեների քանակը` 2009 թ. առաջին եռամսյակի համեմատ, ինչպես նաև 14 տոկոսով ավելացել է բջջային կապի բաժանորդների հետ կնքած պայմանագրերը: Լայնագիծ հասանելիության բաժանորդների հետ պայմանագրերի քանակն ավելացել է 103,9 տոկոսով` 2009 թ. առաջին եռամսյակի համեմատ, ինչը բացատրվում է ինտերնետային լայնագիծ հասանելիության ոլորտում ընկերության նախագծերի ակտիվ զարգացմամբ:

«Վիմպելկոմ» ընկերության հաշվետվության մեջ նշվում է, որ Հայաստանում և Ուզբեկստանում իրավիճակը դեռևս բարդ է, թեև ընկերությունը գոհ է այն բանից, թե ինչպես է զարգանում բիզնեսը Ղազախստանում և Վրաստանում: