AM
28 May 2010 - 07:13 AMT

ՀՀ վարչապետը և ՀԲ ներկայացուցիչը քննարկել են լեռնահանքային ոլորտի զարգացման հարցերը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Հարավային Կովկասի առաջատար տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության ընթացիկ մանրամասները և հետագա ընդլայնման հարցերը: Մասնավորապես, կարևորվել է հանքահումքային արդյունաբերության ոլորտի զարգացումը: Ընդգծվել է «Ընդերքի մասին» օրենքի կատարելագործման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների ծավալի աճին:

Անդրադարձ է արվել նաև հարկային ոլորտում համագործակցության խորացման հարցերին: