AM
28 May 2010 - 08:22 AMT

ՄԱԿ. 2010թ. Հայաստանը կշարունակի կախում ունենալ արտաքին աջակցությունից

Համաշխարհային ՀՆԱ-ն, 2009թ. 2 տոկոսով կրճատվելուց հետո, ընթացիկ տարում կաճի 3 տոկոսով և 3,1 տոկոսով 2011թ.: Ինչպես ասվում է ՄԱԿ-ի «2010թ. Համաշխարհային տնտեսական իրավիճակն ու հեռանկարները» զեկույցում, մոտակա հեռանկարում համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպերը լիենլու են դանդաղ ու անհամաչափ, ինչը չի կարող հանգեցնել զբաղվածության շուկայի վերականգնմանը:

ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի բաժնի պետ Ռոբերտ Վոսն ընդգծել է , որ այժմյան կանխատեսումները մի փոքր բարելավվել են նախորդ վեց ամիսների համեմատ: «Սակայն, ցավոք, գործազուրկների քանակն աշխարհում շարունակում է աճել, քանի որ տնտեսության վերածնունդը կապված է հիմնականում բյուջետային խթանման միջոցների հետ: Ֆինանսական շուկաներում պահպանվում է անկայունությունը, իսկ սպառողական աճը թույլ է մնում»,-ասել է նա:

Վոսը նաև ուշադրություն է հրավիրել Հունաստանում, Պորտուգալիայում, Իսպանիայում և Իսլանդիայում ֆինանսական իրավիճակի վատթարացման վրա: Նա ընդգծեց, որ Հունաստանի ճգնաժամը լուրջ սպառնալիքներ առաջացրեց ողջ եվրոպական գոտու համար:

Բացի այդ, զեկույցի հեղինակները նշում են, որ ԱՊՀ երկրներում 2010թ. ՀՆԱ-ն միջինը կաճի 4,2 տոկոսով: Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տնտեսական զարգացումը կզսպվի ցածր սպառողական աճով և արտասահմանյան ներդրումային հոսքերի ցածր մակարդակով: Հարուստ հումքային երկրները կօգտվեն նավթի բարձր գներից, իսկ ով այդքան ռեսուրսներ չունի` Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանն ու Ուկրաինան կշարունակեն կախում ունենալ դրսից` ԱՄՀ կայունացման հիմնադրամներից ու ԵՄ ֆինանսավորումից: