AM
31 May 2010 - 12:36 AMT

«ԱրմենՏել» շարժական գրասենյակը կսպասարկի բաժանորդներին Հայաստանի հեռավոր շրջաններում

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) սպասարկման որակի բարելավման շրջանակում հայտարարում է «Շարժական գրասենյակ» ծրագրի մեկնարկի մասին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին «ԱրմենՏել» հասարակայնության հետ կապերի ծառայությունից, վաճառքի և սպասարկման գրասենյակին անհրաժեշտ սարքավորումներով համալրված ավտոմեքենան բաժանորդներին սպասարկելու համար կերթևեկի Հայաստանի հեռավոր և սահմանամերձ շրջաններ: Ծրագիրը մեկնարկում է Լոռվա և Արագածոտնի շրջաններում: Հետագայում ընկերությունը նախատեսում է ընդլայնել «գրասենյակ անիվների վրա» ծրագրի աշխարհագրությունը` գործարկելով այն հանրապետության մյուս շրջաններում: «Շարժական գրասենյակ»-ը կտրամադրի ընկերության կողմից մատուցվող ծառայությունների լայն շրջանակ. բաժանորդները կարող են վճարել ամրակցված և բջջային հեռախոսակապի, ինչպես նաև ինտերնետ կապի ծառայությունների համար, վերալիցքավորել հաշիվը, ձեռք բերել SIM-քարտեր, հեռախոսներ, միանալ ընկերության կողմից առաջարկվող ծառայություններին, ստանալ հաշվի վերծանում և այլն:

«Կապի միասնական օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը տրամադրում է կապի ծառայություններ ողջ հանրապետությունում, մշտապես բարձրացնելով դրանց հասանելիությունը և կատարելագործելով սպասարկման որակը: «Շարժական գրասենյակ» ծրագիրը թույլ կտա մեր բաժանորդներին ստանալ որակյալ և հարմարվետ ծառայություն իրենց բնակության վայրում առանց լրացուցիչ ծախսեր կատարելու «,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Երեք ամիսների ընթացքում վաճառքի և սպասարկման շարժական գրասենյակը կայցելի Լոռվա և Արագածոտնի շրջանների հեռավոր վայրեր, իսկ բնակչությունը նախօրոք կտեղեկացվի իրենց գյուղում շարժական գրասենյակի աշխատանքային օրերի և ժամերի վերաբերյալ: