AM
31 Մայիս 2010 - 13:34 AMT

ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը և ՀԱՊԿ-ը համագործակցելու են ռազմավարական հետազոտության բնագավառում

Մայիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը և ՀԱՊԿ ինստիտուտի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վորոբյովը համագործակցության պայմանագիր են կնքել:

Հայկ Քոթանջյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է, որ պայմանագրի հարցում համաձայնության էին եկել ՀԱՊԿ և ՀՀ ղեկավարները, մասնավորապես` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա ավելացրել է նաև, որ այդ պայամանգրի հիման վրա հնարավոր կլինի մշակել ավելի կոնկրետ, ամենամյա ծրագրեր ինչպես հետազոտման, այնպես էլ գիտատեխնիկական քննարկումների և աշխատանքային համաժողովների բնագավառներում:

Հայկ Քոթանջյանը նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու ռազմավարական հետազոտության բնագավառում գիտմասնագետներ պատրաստելուն:

Ալեքսանդր Բորդյուժան հայտնել է, որ ՀԱՊԿ ինստիտուտը ստեղծվել է մեկ տարի առաջ, և նրա հիմնական խնդիրն է ՀԱՊԿ երկրների փորձագիտական միությունների հետ արդյունավետ երկխոսության հաստատումը, ինչպես նաև ՀԱՊԿ գործունեության մասին տեղեկատվության տարածումը: