AM
1 June 2010 - 09:36 AMT

Հայաստանը համաշխարհային տնտեսության ֆոնի վրա

Ջորջ Մասոնի համալսարանին կից Հասարակական քաղաքականության դպրոցի միջազգային զարգացման ու քաղէկոնոմիայի փորձագետ Հիլթոն Ռութն Երևանում, անդրադառնալով զարգացող երկրների ֆինանսական համակարգերին, նրանց զարգացման հիմնական խոչընդոտ համարեց էկոնոմիկայի սուբյեկտների ոչ թափանցիկ գործունեությունը և բարդ հարկային համակարգը: Ամերիկացի փորձագետը գտնում է, որ ֆինանսական համակարգի զարգացման համար անհրաժեշտ է ակտիվացնել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ու երկարաժամկետ նախագծերի իրականացումը, ինչը կլուծի «երկար փողերի» պակասի խնդիրը: Զարգացող շուկաները նաև ֆինանսական միջնորդության կարիք ունեն, ինչը կնպաստի հեռանկարային բիզնեսի ստեղծմանը: Ընդ որում, միայն թափանցիկ ֆինանսական համակարգի առկայության դեպքում հնարավոր կլինի լավ ներդրողների գտնել: Հայաստանի համար հարկային համակարգը շարունակում է մեծ խնդիր մնալ, որը կառավարությունն ամեն տարի փորձում է լուծել, իսկ ֆինանսաբանկային համակարգը բավականին կայուն է աշխատում: Միակ խնդիրն այն է, որ 2009թ. մարտի 3-ին դրամի լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալուց հետո, բանկերը խստացրեցին վարկավորման պայմանները, ինչը մի փոքր արգելակում է երկրի տնտեսության զարգացումը:

Բացի այդ Ռութը դատապարտել է բարձր տոկոսադրույքներով պետական պարտատոմսերի թողարկումը որոշ եվրոպական երկրներում, մասնավորապես, Հունաստանում, Իսպանիայում և Պորտուգալիայում, ինչը ներկա անկայուն տնտեսական իրավիճակում այդ երկրների կառավարությունների համար պարտավորությունները չկատարելու ռիսկ է պարունակում: Սակայն տնտեսագետը չի էլ կասկածում, որ Հայաստանում պետական պարտատոմսերի տոկոսադրույքները երկու անգամ գերազանցում են վերոնշյալ երկրների ցուցանիշը:

Միևնույն ժամանակ, Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին «Տարածաշրջանային տնտեսությունների զարգացման հեռանկարները» հաշվետվությունում նշվում է, որ Կովկասի տարածաշրջանում և Կենտրոնական Ասիայում նշմարում են աշխուժացման նշաններ, սակայն սթրեսը ֆինանսական հատվածում ռիսկ է առաջացնում տնտեսության աճի համար: ԱՄՀ-ն նշում է, որ արտահանումը սկսել է ավելանալ, դրամական փոխանցումները, հավանաբար, ավելի դանդաղ են կրճատվում կամ սկսել են աճել, իսկ կապիտալի ներհոսքի մակարդակը դրական է, սակայն այդ միտումները միասեռ չեն և մի շարք երկրներում սթրեսը բանկային համակարգում զսպում է վարկի աճն ու խոչընդոտում է տնտեսական ակտիվության աշխուժացմանը: Հարկ է նշել, որ Հայաստանում դրամական փոխանցումների ծավալն ընթացիկ տարվա սկզբից զգալիորեն աճեց (18 տոկոսով առաջին եռամսյակում), իսկ արտահանման ծավալի աճը մեր երկրից էլ ավելի է հուսադրում` կազմելով 64,3 տոկոս 2010 թվականի հունվար-ապրիլին: Թեև երկրի կախվածությունը դրամական փոխանցումներից բավական խոցելի է դարձնում նրա տնտեսությունը:

Ընդ որում ՄԱԿ-ի «Համաշխարհային տնտեսական իրավիճակն ու 2010թ. հեռանկարները» զեկույցում ասվում է, որ այն երկրները, որոնք աղքատ են ռեսուրսներով, օրինակ, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանն ու Ուկրաինան, կշարունակեն կախված լինել դրսի աջակցությունից` ԱՄՀ կայունացնող վարկերից ու ԵՄ ֆինանսավորումից: Եվս մեկ բացասական գործոն է գործազրկության աճը: Սակայն այս ցուցանիշը բացասական է ողջ աշխարհում: ՄԱԿ-ի զեկույցում ասվում է, որ առաջիկայում համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպերը լինելու են անհամաչափ ու դանդաղ, ինչը չի նպաստի զբաղվածության շուկայի վերականգնմանը: Համաշխարհային տնտեսության զարգացման այս կանխատեսումները բարելավվել են նախորդ վեց ամիսների համեմատ, սակայն, ցավոք, գործազուրկների քանակն աշխարհում ավելանում է, քանի որ տնտեսության վերածնունդը հիմնականում կապված է բյուջետային խթանման միջոցառումների հետ: Համաշխարհային ֆինանսական շուկայում պահպանվում է անկայունությունը, իսկ պահանջարկը թույլ է մնում:

Միևնույն ժամանակ 2010 թվականի հունվար-ապրիլին Հայաստանի պետբյուջեն կատարվեց բավականին լավ ցուցանիշներով, ընդհանուր առմամբ այն կատարվեց 9,3 մլրդ պակասուրդով, սակայն 2009 թվականի հունվար-ապրիլին այն կազմեց 21,7 մլրդ դրամ: Բացի այդ, բյուջեի եկամուտներն աճել են 19,6 տոկոսով, իսկ հարկային մուտքերը, պետտուրքերն ու պարտադիր սոցվճարները` 20,8 տոկոսով, այլ ծախսերը աճել են 17,7 տոկոսով: Ծախսերն աճել են 11,9 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ծախսերի աճով ոչ ֆինանսական ակտիվների, դրամաշնորհների, պետպարտքի սպասարկման և նպաստների վճարման գծով:

Հայաստանի ՀՆԱ-ի ցուցանիշները և բյուջեի կատարումը վկայում են այն մասին, որ երկիրը դուրս է գալիս ճգնաժամից, սակայն մեծ ռիսկ է պարունակում մեծացող պետական պարտքը: Իսկ թե կկարողանա երկիրը հաղթահարել այդ ռիսկը, պարզ կդառնա միայն մի քանի տարի անց: