Հունիսի 1-ին կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը կարևորել է էլեկտրոնային կառավարման խորհրդի ստեղծումը, որը կզբաղվի հայեցակարգի իրականացման մեխանիզմների հստակեցման խնդիրներով:
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հանդես է եկել երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման ու ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության խնդրի մասին վերլուծական զեկույցով: ՏՏԶԱԽ անդամները քննարկել են «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության և նպատակահարմարության հարցը: PanARMENIAN.Net-ին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի և կներկայացնի գրավոր առաջարկություններ օրենքի իրականացման ընթացակարգերի հստակեցման ու բարելավման վերաբերյալ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) դիմել է Հայաստանի նախագահին խնդրանքով` «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին» օրենքը ներկայացնել խորհրդարանի վերանայմանը:
Հայաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ապրիլի 8-ին հաստատել է «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության մասին» օրենքը: Փաստաթուղթը նախատեսում է լիցենզավորման պարզեցված գործընթաց և երկակի նշանակության ապրանքների արտահանման թույլտվություն: Բացի դրանից, գոյություն ունեցող հանձնաժողովի փոխարեն օրենքում նախատեսված է հատուկ պատասխանատու մարմնի ստեղծում, որը համակարգելու է վերահսկողությունը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն հասարակական կազմակերպությունը 2000թ-ից ներկայացնում է ձեռնարկությունների շահերը տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում: Միության հիմնադիրները ՏՏ ոլորտում Հայաստանի մասնավոր ընկերություններն են: Վերջին տվյալներով, Միությանն անդամակցում են 32 ընկերություններ: