AM
4 Հունիս 2010 - 09:05 AMT

Որոշվել են ArmRobotics առաջնության մրցանակակիրները

Հունիսի 2-ին Սիրահարների զբոսայգում տեղի ունեցավ Հայաստանի ռոբոտների բաց առաջնության «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը: Ինչպես հայտնում են PanARMENIAN.Net-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) մամլո ծառայությունից, մասնակցում էր 9 թիմ, որոնց պատրաստած ռոբոտը պետք է գտներ հողի տակ պահված ականները և սերվերին ուղարկեր վերջիններիս դասավորությամբ քարտեզը: Հաղթող պետք է ճանաչվեր այն թիմը, որն իր առջև դրված խնդիրը կլուծեր նվազագույն ժամանակում, նվազագույն սխալներով:

Քանի որ ոչ մի թիմ մինչև վերջ չկատարեց իր առջև դրված խնդիրը, ժյուրին որոշեց հանձնել երրորդ տեղի 2 մրցանակ: Երրորդ տեղ զբաղեցրեցին Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ‹‹Էրիկտա›› և Ռուս-Հայկական Պետական Համալսարանի (Սլավոնական) ‹‹Սայբեր Ռաու›› թիմերը, որոնք ստացան 100.000-ական դրամ: Մյուս 7 թիմերը ստացան խրախուսական մրցանակներ` 40.000-ական դրամ: