AM
6 June 2010 - 10:30 AMT

Հայաստանի վարչապետը հանդես կգա Երևանում տեղի ունեցող BarCamp համաժողովում

Երևանում անց է կացվում տեղեկատվական տեխնոլոգիաների BarCamp 2010 համաժողովը: Հունիսի 5-ին ինովացիոն ճամբարում ներկայացվել են կայքերի աշխարհատեղայնացման, մոնետիզացման, տեղեկատվական պատերազմների և տեղեկատվական անվտանգության, կրթության բնագավառում վեբգործիքների կիրառման և այլ թեմաներով շնորհանդեսներ:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում միջոցառման կազմակերպիչներից Ալեքսեյ Չալաբյանն ասել է, որ այս տարի նկատելի է մասնակիցների հետաքրքրությունը ձեռնարկատիրությունը համացանցում թեմայի նկատմամբ: Նրա խոսքերի համաձայն, BarCamp-ը, ամենայն հավանականությամբ, կդառնա ամենամյա միջոցառում, քանի որ այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում: «Ամեն ինչ կամավորների ակտիվությունից է կախված: Կամավորները 10 մարդ են, սակայն նրանցից առավել ակտիվները երեքն են», – ասել է նա:

Համաժողովն անց է կացվում ՀՀ կառավարության, Microsoft, iCon Communications, Marketing solutions SP ընկերությունների, քաղաքական ինստիտուտի և սոցիոլոգիական կոնսալտինգի (IPSC) աջակցությամբ:

Անցյալ տարի BarCamp-ին մասնակցել են Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից ժամանած 450 մարդ: Համաժողովը ոչ պաշտոնական ձևաչափի է, որը կանխավ չի ծրագրում շնորհանդեսները: Քննարկումները վերաբերում են համացանցին և IT ոլորտին:

BarCamp-ը համաժողովների միջազգային ցանց է, որը բաց է բոլորի համար և անց է կացվում զեկույցների, թրենինգների, քննարկումների ձևաչափով: Նյութերը ներկայացնում են մասնակիցները: Առաջին համաժողովը տեղի է ունեցել 2005 թ. ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Պալո Ալթո քաղաքում, այդուհետև BarCamp համաժողովն անց է կացվել աշխարհի ավելի քան 350 քաղաքներում: