Հունիսի 10-ին Հայաստանի կառավարությունը նիստի ժամանակ քննարկել է պետկառույցներում գրասենյակային աշխատանքի համար Unicode համակարգում որպես պարտադիր պայման հայկական տառատեսակների օգտագործումը, ինչպես նաև որոշ պետական կայքերի հայերեն տեքստերի կոդավորումների թարգմանությունը: Ինչպես իր ելույթի ընթացքում ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները դիմել են կառավարությանը պետական կառույցների ամբողջ գրագրությունը միայն Unicode տառատեսակներով կատարելու խնդրանքով: Դավիթ Սարգսյանը հանդես է եկել պետական հաստատությունների գրասենյակային աշխատանքում փոփոխություններ կատարելու առաջարկով:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ պետկառույցների որոշ կայքեր անհասանելի են լինում ընթերցանության համար օգտագործվող կոդավորումների պատճառով: «Այդ հարցը ՏՏ ներկայացուցիչների կողմից բարձրացվեց նաև ԲարՔեմփ խորհրդաժողովի ու ԴիջիԹեք ֆորումի ժամանակ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
«Բացի 4-5 պետական կայքերից, որտեղ Unicode տառատեսակները չեն օգտագործվում, գրեթե բոլոր նախարարություններում զանազան կոդավորումներ են օգտագործվում փաստաթղթերի ու որոշումների, ինչպես նաև նամակների տեքստերը հավաքելու համար»,- հաղորդել է Դավիթ Սարգսյանը:
Դավիթ Սարգսյանի խոսքով, հետևողական լինելու դեպքում Unicode տառատեսակների օգտագործման հարցը կարելի է լուծել 1-2 շաբաթվա ընթացքում: Վարչապետը նաև բոլոր նախարարներին հանձնարարեց gov.am դոմենում էլեկտրոնային փոստեր բացել, քանի որ, ինչպես պարզ դարձավ, որոշ նախարարներ պաշտոնական նամակագրության համար ամերիկյան ընկերությունների դոմենում գրանցված էլեկտրոնային փոստեր են օգտագործում: Հունիսի 6-ին ԲարՔեմփ խորհրդաժողովի մասնակիցները Հայաստանի վարչապետին դիմել են Հայաստանում հայոց լեզվով էլեկտրոնային բովանդակության զարգացման ազգային ռազմավարություն մշակելու խնդրանքով: Տիգրան Սարգսյանին ուղղված դիմումում, որի տակ ստորագրել են ԲարՔեմփ խորհրդաժողովի մոտ 190 մասնակիցներ, շոշափվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են պետական կառույցների ամբողջ գրագրությունը միայն յունիքոդ տառատեսակներով կատարելը, տեղեկատվական անվտանգության նպատակով պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեների օգտագործումը պետծառայողների պաշտոնական նամակագրության համար: Մասնակիցները կառավարության ղեկավարին կոչ արեցին նաև քայլեր ձեռնարկել հայկական տառերի նշագրում ունեցող համակարգչային ստեղնաշարի լայն տարածման համար: Պետական կայքերի թվում, որտեղ չի օգտագործվում յունիքոդ համակարգը, նշվում են Արտաքին գործերի նախարարության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության, Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստանի, ՀՀ Ոստիկանության, ՀՀ Սահմանադրական դատարանի, Քաղաքացիական ավիացիայի, ՀՀ Կենտրոնական բանկի և այլ կայքեր: