Հայաստանում չկա կյանքի ապահովագրում, քանի որ նույն ընկերությունը չի կարող «կյանքի» ու «ոչ կյանքի» ապահովագրության լիցենզիա ունենալ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել «Հայաստանի ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի» իրավաբանական անձանց միության տնօրենի պաշտոնակատար Անդրանիկ Օհանջանյանը:
Ըստ նրա, կյանքի ապահովագրության լիցենզիա ստանալու համար հարկավոր է 1,5 մլրդ դրամ կապիտալով ընկերություն ստեղծել: «Մինչև 2007 թվականը Հայաստանում գործում էին ընկերություններ, որոնք երկու լիցենզիա ունեին, քանի որ այն ժամանակ օրենքը չէր արգելում ապահովագրել «կյանքն» ու «ոչ կյանքը»,-պարզաբանել է Ասոցիացիայի տնօրենի պաշտոնակատարը: Ընդ որում, նա հավելել է, որ տվյալ պահին ընկերությունները պետք է ընտրեն, թե ինչ լիցենզիա վերցնեն, և կյանքի ապահովագրության ցածր պահանջարկի պատճառով, բնականաբար, երկրում աշխատող բոլոր ապահովագրական ընկերությունները ստանում են «ոչ կյանքի» ապահովագրության լիցենզիա: