AM
16 June 2010 - 07:16 AMT

Երևանում քննարկվում են Հայաստանում ԵՄ-ի հետ առևտրի ազատ գոտու ստեղծման հնարավորությունները

Երևանում հունիսի 16-ին բացվել է ՀՀ-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի առևտրի, տնտեսական ու համապատասխան իրավական հարցերի գծով իններոդ նիստը: Իր ողջույնի խոսքում նիստի հայ համանախագահ` ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը նշել է, որ Հայաստանի նախագահը բազմիցս է ասել, որ հայերը իրենց եվրոպացի ժողովուրդ են համարում և ցանկանում են, որ իրենց հասարակական կյանքը նույնպես եվրոպական լինի:

«Համագործակցությունը նման տարաբնույթ ձևաչափում հիմք է տալիս ներդնել եվրոպական չափանիշներն ու արժեքները մեր առօրյա կյանքում և տնտեսության մեջ»,-ասել է փոխնախարարը:

Նիստի ընթացքում կողմերը կքննարկեն մակրոտնտեսական զարգացումները Հայաստանում, ՀՀ-ԵՄ առևտրային հարցեր` երկկողմ առևտրային հարաբերությունների վերջին զարգացումները, ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի տարածք հիմնելու հնարավորությունները, ստանդարտացում, տեխնիկական կանոնակարգեր, համապատասխանության հավաստում, սանիտարական և բուսասանիտարական չափանիշներ, մտավոր սեփականություն, հարկային ու մաքսային ոլորտին վերաբերող հարցեր:

Բացի այդ, նիստում կքննարկվեն ԵՄ-ի կողմից տեխնիկական աջակցության, առևտրի հետ կապված հարցեր` ներառյալ կառավարման պետական մարմինների համապարփակ զարգացման ծրագրի (CIB) նախապատրաստական աշխատանքները: Եվրամիության կողմից նիստի համանախագահն է ԵՄ առևտրի գլխավոր տնօրինության «Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի» վարչության պետի տեղակալ Ֆիլիպ Քյուիսոնը: