«Ա.Ի.Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հեռանկարային զարգացումն ապահովելու, ինստիտուտի կառավարման բարեփոխումներ իրականացնելու և գիտական հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունիսի 17-ի իր նիստում որոշել է. «Ա.Ի.Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Ինչպես նշել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, միջազգային փորձագետների հանձնաժողովը ԵրՖԻ-ն Հայաստանում եզակի գիտահետազոտական ենթակառուցվածք ունեցող կազմակերպություն է համարել` ֆիզիկայի բնագավառում գերազանցության կենտրոն: Կենտրոնը եզակի կլինի տարածաշրջանում, այստեղ կգործի աքսելերատոր, որը համարվում է նոու-հաու: ԵրՖԻ-ն գիտության և գիտատար տեխնոլոգիաների զարգացման գերազանց հիմք է առաջարկում` ժամանակակից ֆիզիկայի տարբեր բնագավառներում ինստիտուտում իրականացվող առաջավոր գիտական հետազոտությունների, ֆիզիկայի նվաճումները գիտական տարբեր ուղղությունների սահմանագծում (միջդիսցիպլինար հետազոտություններում) և տեխնոլոգիաների մշակման գործում կիրառելու հնարավորությունների ակտիվ որոնումների շնորհիվ: Նախարարը հայտնեց նաև, որ Ազգային գիտական լաբորատորիայի տնօրենի ընտրությունը կկատարվի մրցութային կարգով` մեկ տարի ժամկետով: Տնօրենի գործունեությունն իր պաշտոնում կերկարաձգվի 3 տարի ժամկետով` Միջազգային մշտական խորհրդատվական կոմիտեի հավանության դեպքում:
Իր հերթին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել միջազգային փորձագետներին, որոնք հսկայական աշխատանք են կատարել Հայաստանում նման գերազանցության կենտրոնի ստեղծման ուղղությամբ, որը կարող է միջազգային ճանաչում ստանալ և որի փորձը կարող է կիրառվել նաև այլ ոլորտներում:
ԵրՖԻ-ի տնօրեն Աշոտ Չիլինգարյանը ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցում նշել է, որ ինստիտուտի վերազինման համար 2011թ. պետական բյուջեից առանձին տողով կհատկացվի առնվազն 575.6 մլն դրամ, իսկ միջուկային բժշկության նոր ենթակառուցվածքի զարգացման և ողջ նախագծի իրականացման համար կպահանջվի շուրջ 100 մլն դոլար, որոնցից միայն արագացուցչի (ցիկլոտրոնի) կառուցման համար կպահանջվի 50-70 մլն դոլար: Այս առնչությամբ նա հայտնեց, որ դրամական միջոցները ցիկլրոտրոնի կառուցման համար արդեն հաստատված են, այն ձեռք կբերվի արդեն այս տարի, իսկ նրա կառուցումը կսկսվի 2011-ին: «Միջուկային ֆիզիկայի ենթակառուցվածքի ստեղծումը նոր խոսք է բժշկության մեջ»,-ասել է նա: