Հունիսի 17-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային մասնաշենքում ուսումնաարտադրական ծրագրեր ներկայացնելու հնարավորություն են ունեցել Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամլո ծառայությունը:
«Մեր դռները միշտ բաց են նորարարությունների և նոր հնարավորությունների առջև: Ուսանողներն ապագայի առաջնորդներն են, և մենք պարտավոր ենք լսել նրանց գաղափարներն ու մտահոգությունները»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հերթական հանդիպման ընթացքում, հեռահաղորդակցության նորարարությունների վերաբերյալ նոր գիտելիքներով զինվելուն զուգահեռ, ուսանողները ցուցադրեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կորպորատիվ գործունեությունն իրենց կարծիքով լավագույնս ներկայացնող գովազդային ցուցապաստառը:
«Հեռահաղորդակցության ոլորտում նորարարությունները չեն սահմանափակվում ցանցի արդիականացմամբ և նորարարական ծառայություններ մշակելուն ուղղված աշխատանքներով: Ոչ պակաս կարևոր են գործունեության ոչ նյութական ասպեկտները, ինչպիսիք են բրենդինգն ու կորպորատիվ գործունեության պատշաճ ներկայացումը հասարակության տարբեր խմբերին: Ուրախ եմ, որ Վիվասել-ՄՏՍ-ի կորպորատիվ մշակույթն այսքան դրական լիցքեր է հաղորդել ձեզ»,- ապագա մասնագետներին ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` ավելացնելով, որ վստահ է, որ ապագայում, լինելով նոր բիզնես մշակույթի կրողը, այդ երիտասարդներից յուրաքանչյուրը իր աշխատավայրում զարգացման նոր մակարդակ կապահովի Հայաստանի տնտեսության զարգացման համար:






