AM
21 June 2010 - 14:05 AMT

2010 թվականի ապրիլին Հայաստանում հարկ վճարողների մոտ իրացումից ստացված հասույթի ցուցանիշն աճել է 29.3 %-ով

2010 թվականի ապրիլին Հայաստանում 2009 թվականի նույն շրջանի համեմատ հարկ վճարողների մոտ իրացումից ստացված հասույթի ցուցանիշն աճել է 29.3 %-ով կամ 163.1 մլրդ դրամով: Նման տվյալներ են պարունակվում Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված և հրապարակված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի 2010թ. ապրիլ ամսվա ամփոփ ցուցանիշներ»-ում:

Ընդ որում, այդ ցուցանիշի աճ է արձանագրվել 205 կազմակերպություններում, , որոնցից առավել խոշոր 10 կազմակերպությունների («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ալեքս Գրիգ», «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի», «Հայ-Ռուսական «ՀայՌուսգազարդ», «Սիթի պետրոլ գրուպ», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Մաքուր երկաթի գործարան», «Արփա-Սևան», «Ռուսալ Արմենալ», «Ֆլեշ») մոտ իրացումից հասույթը ընդհանուր առմամբ այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլ ամսվա նկատմամբ աճել է 24.3 մլրդ դրամով:

Մինչդեռ 121 կազմակերպությունների մոտ արձանագրվել է ցուցանիշի նվազում, որոնցից միայն «ՎՏԲ-Հայաստան Բանկ», «Գրանդ կոմերց» և «Գեո Պրո Մայնինգ Գոլդ» ընկերությունների մոտ ընդհանուր առմամբ իրացումից հասույթը այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլ ամսվա նկատմամբ նվազել է մոտ 3.6 մլրդ դրամով: