Ադրբեջանական կողմի վերջին սադրանքը նպատակ էր հետապնդում ազդելու բանակցությունների վրա և ճնշում գործադրելու հայկական կողմի վրա, որպեսզի վերջինս փոխի իր կեցվածքը բանակցություններում: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Ակնհայտ է, որ բանակցությունները լիովին չեն բավարարում Ադրբեջանին, վերջին միջադեպը սխալ կլինի անվանել պատերազմի սկիզբ, սակայն դա չի նշանակում, որ նման գործողությունները չեն կարող վերածվել ավելի լայնածավալ բախման կամ հանգեցնել պատերազմի: Խուճապի պետք չէ մատնվել, սակայն, սա կարող է չսպասված պատերազմի սկիզբ դառնալ»,-ասաց նա: Ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համարժեք պատասխան չտվեցին սադրանքին` ելնելով տնտեսական շահերից և քաղաքական հաշվարկներից: Պատասխանելով PanARMENIAN>Net-ի թղթակցի հարցին` Մանոյնաը հայտարարել է, որ Բաքվի դժգոհությունը հավանաբար կապված է այն հանգամանքի հետ, որ պետերբուրգյան հանդիպումից հետո նորացված մադրիդյան սկզբունքներ կոչվածն այլևս գոյություն չունի: «Հայկական կողմի համար նորացված մադրիդյան սկզբունքները կարծես թե ընդունելի չեն, հետևաբար, դրանք գոյություն չունեն առնվազն հայկական կողմի համար»,-ասել է նա: Կիրո Մանոյանը չի կանխատեսում հայկական կողմի դիրքորոշման կոշտացում բանակցային գործընթացում և անհրաժեշտ է համարում ներկա պահին ղարաբաղյան կողմի անմիջական մասնակցությունը բանակցություններին: Մանոյանը հատկապես կարևորեց քաղաքական աշխատանքների ակտիվացումը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ղարաբաղյան բանակցություններին զուգահեռ:
Արցախյան հիմնախնդիրը միջազգային այլ ատյան տեղափոխելու փորձերը Մանոյանն անընդունելի համարեց` նշելով, որ խնդրի բուն կարգավորմամբ պետք է զբաղվի ԵԱՀԿ-ն:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` Մանոյանը նշեց, որ ներկա պայմաններում, երբ Հայաստանը հետ չի կանչել արձանագրությունների տակ դրած իր ստորագրությունը, այս գործընթացն ընթանում է հայության շահերին հակառակ:






