Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիան ստեղծվել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի համագործակցության շրջանակներում և նպատակ ունի օժանդակել Հայաստանում գործող ներմուծող-արտահանող ընկերություններին առևտրային հնարավորություններից քաղել առավելագույնը:
Էյչ-Էս-Բի-Սի և ՓՄՁ ԶԱԿ-ի այս նախաձեռնությամբ միջազգային առևտրում բիզնեսը զարգացնելու նպատակ ունեցող ընկերություններին կներկայացվեն սեմինար-դասախոսություններ և առևտրի օժանդակման այլ ծառայություններ: Ակադեմիայի սեմինարները կանցկացվեն Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Առևտրի Ֆինանսավորման Ծառայությունների մասնագետների կողմից անվճար հիմունքներով ամիսը երեք անգամ, որոնք իրենց գիտելիքները կփոխանցեն ինչպես արտաքին առևտրում ակտիվ ներմուծում և արտահանում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին և ֆինանսական տնօրեններին, այնպես էլ նրանց, ովքեր միջազգային առևտրի բնագավառը համարում են հեռանկարային իրենց բիզնեսի համար:
ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Կարեն Գևորգյանի խոսքերով, սեմինարի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվելու ավելի լավ ծանոթանալ արտաքին առևտրի ֆինանսավորման հնարավորություններին և գործիքներին, առավել հստակ գնահատել արտաքին առևտրի ռիսկերը և առավել արդյունավետ կառավարել դրանք, ինչպես նաև ծանոթանալ միջազգային շուկա դուրս գալու արդյունավետ ուղիներին:
Իր հերթին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը հույս հայտնեց,որ Ակադեմիան միջազգային առևտրի ֆինանսավորման և աջակցության օգտակար գործիք կդառնա ներկա տնտեսական իրավիճակում: «Հուսով եմ, որ իրագործելով այս նախագիծը, մենք հնարավորություն կունենանք ապագայում ևս կազմակերպել նման նախագծեր և նպաստել ՓՄՁ զարգացմանը»,- ասել է նա:
Էյչ-Էս-Բի-Սի Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիաները հաջողության են հասել Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անդամ բանկերի գործունեության մի շարք երկրներում. Եվրոպայում դրանք են Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և Վրաստանը: