Երևանում իր աշխատանքն է սկսել «ԱՊՀ և Բալթյան երկրների պարտատոմսային 7-րդ կոնգրեսը», որին մասնակցում են 200 հոգի, որոնց շարքում 130 մասնակիցներ Ռուսաստանից, 25-ը` Հայաստանից, 26-ը` Ուկրաինայից, 10-ը` Բելառուսից և ԱՊՀ այլ երկրներից:
Ինչպես նշել է Cbonds -ի գլխավոր տնօրեն Սերգեյ Լյալինը, արժեթղթերի շուկայի վերականգնումը տարբեր երկրների համար հավասարաչափ չի ընթացել: Մասնավորապես, նրա խոսքերով, Ռուսաստանի շուկան ոչ միայն վերականգնվել է, այլ նաև առաջ է անցել իր մինչճգնաժամային վիճակից ոչ միայն բաշխման ծավալներով, այլ նաև բաշխումների քանակով: Այլ երկրներում վերականգնումն ընթացել է այլ ուղեծրով, մասնավորապես, պետական արժեթղթերի գծով, որտեղ կորպորատիվ հատվածը թույլ է զարգացած (Հայաստան, Ուկրաինա):
Միաժամանակ, Լյալինը նշեց, որ վերջին շրջանում մեծացել է մարդկանց քանակը, որոնք հետաքրքրվում են փոխադարձ ներդրումներով և պոտենցիալ ունեն հարևան երկրների արժեթղթերի շուկայում: «Փոխադարձ հետաքրքրություները խոսում է այն մասին, որ այսօրվա միջոցառումը կարող է պահանջված լինել»,- ասել է նա:
Իր հերթին, «Պրոմսվյազբանկ» ԲԲԸ-ի առաջին փոխնախագահ Արտյոմ Կոստանդյանն ավելացրել է, որ ճգնաժամի պայմաններում էքստրեմալ պայմանների կառավարման փորձի փոխանակումը թույլ կտա հետխորհրդային տարածքի երկրներին ամրապնդել իրենց ֆինանսական շուկաները: Ճգնաժամի ժամանակ մեծացել է ներքին պարտատոմսերի գրավչությունը: Չնայած նրան, որ Երևանը միջազգային ֆինանսական կենտրոն դառնալու հավակնություններ չունի` ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի կայացման ուղղությամբ:
Անդրադառնալով տնտեսության զարգացման հեռանկարներին` Արտյոմ Կոստանդյանը նշեց, որ զարգացած երկրներն անկարող են եղել կրճատել իրենց բյուջեների դեֆիցիտը, իսկ որոշ երկրներ անկարող են եղել ինքնուրույն ֆինանսավորել իրենց պարտքերը: «Այդ պայմաններում մեզանից կախված է, որպեսզի տնտեսության ծիլերը չթառամեն և որոշ ժամանակ անց արդյունք տան»,- ասել է նա: «ԱՊՀ և Բալթյան երկրների պարտատոմսային 7-րդ կոնգրեսի» կազմակերպիչն է Cbonds ընկերությունը` ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի աջակցությամբ: