AM
6 July 2010 - 10:45 AMT

Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ կլինի ընդլայնված ձևաչափով կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը

Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման շրջանակներում Հայաստանի կառավարությունը ոլոր շահագրգռված կողմերի հետ ակտիվ համագործակցության փուլ է թևակոխում: Այդ մասին կառավարության մամլո կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի տեղակալ Արտյոմ Ասատրյանը: Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փոփոխությունների մի փաթեթ, որը մոտ 50 օրենք է ներառում: Սակայն, նրա խոսքով, թոշակային բարեփոխումները նախատեսում են ոչ միայն օրենսդրական փոփոխություններ, այլև մի շարք ուղեկցող միջոցառումներ ու քայլեր, այդ թվում` անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծում: Խոսելով մոդելի ընտրության մասին` փոխնախարարը նշել է, որ 2011 թվականից սկսած Հայաստանում կգործի կամավոր կուտակային համակարգը, որ մինչև 2014 թվականը թույլ կտա որոշակի նախադրյալներ ստեղծել պարտադիր բաղկացուցչի ներմուծման համար:

Այդ համակարգին պետք է անցնեն այն քաղաքացիները, որոնք ծնվել են 1974 թվականին և ավելի ուշ, այսինքն` մինչև 40 տարեկան մարդիկ: Այդ առիթով նախատեսվում է պոտենցիալ թոշակառուից հավաքագրել նրա եկամուտի 5%-ը, որին գումարվում է 5% ներդրումը պետության կողմից:

Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանն իր հերթին հավատացրել է, որ կենսաթոշակային բարեփոխումները նախատեսում են մի ինստիտուտի ստեղծում, որը կերաշխավորի թոշակային կուտակումները` Հայաստանի Ֆիզիկական անձանց ներդրումների վերադարձի երաշխավորման հիմնադրամի նմանությամբ, իսկ կուտակումները չեն արժեզրկվի, քանի որ դրանք կկուտակվեն` հաշվի առնելով գնաճը: 2013 թվականին ուժի մեջ կմտնի միասնական սոցիալական հարկը, որը ենթադրում է սոցիալական վճարումների ու եկամտահարկի միասնական օրենսդրություն և միասնական մեխանիզմներ:

Վարդան Արամյանն ավելացրել է, որ թոշակային բարեփոխումները թույլ կտան Հայաստանում ստեղծել այսպես կոչված «երկար փողեր» և կուղղվեն աղքատության կրճատմանը: