Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Հայաստանի անկախության հռչակման 10-րդ տարեդարձին նվիրված իր ելույթում հայտնեց Լեռնային Ղարաբաղի խնդիրների խաղաղ կարգավորման սկզբունքներին Հայաստանի հավատարիմ մնալու մասին: «Արցախի հարցում մենք հավատարիմ ենք մնում խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքներին: Ինչ վերաբերում է նրա լուծման ուղիներին, միանշանակորեն ասեմ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի անկախությունը չի եղել եւ չի կարող լինել առեւտրի առարկա»,- հայտնեց նախագահը: «Մեր բարդ տարածաշրջանում տեւական խաղաղության եւ կայունության գրավականը մենք տեսնում ենք տարածաշրջանային համագործակցության մեջ: Մենք պատրաստ ենք հարաբերություններ զարգացնել տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Այդուհանդերձ, տարածաշրջանային մեր քաղաքականության հիմքը ավանդական գործընկերների հետ` ժամանակի քննությունը բռնած մեր հարաբերություններն են: Այդ հարաբերություններում Ռուսաստանը ունի իր ուրույն տեղը»: «Աշխարհն արագ է փոփոխվում: Տեխնոլոգիական հեղափոխությունն աշխարհը դարձրեց ավելի ուժեղ, ավելի արագընթաց, ավելի փոխկապակցված, բայց նաեւ` ավելի խոցելի: Մարդկությունը բախվեց միջազգային ահաբեկչություն կոչված չարիքին: Սեպտեմբերի 11-ի ԱՄՆ-ի իրադարձությունները ցնցեցին աշխարհն իրենց դաժանությամբ: Մենք սգում ենք Ամերիկայի հետ միասին, համարում ենք, որ չարիքը պետք է պատժվի եւ պատրաստակամ ենք աջակցել մեր համեստ հնարավորություններով: Ահաբեկչությունը դառնում է գաղափարախոսություն իր ամենաայլանդակ դրսեւորումներով: Հայաստանն իր վրա է զգացել դրա հետեւանքները: Մենք համոզված ենք, որ այս չարիքի դեմ պայքարում համաշխարհային հանրությունը կարիք ունի համակարգված հավաքական ջանքերի»,- ընդգծեց Հայաստանի նախագահը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: