Ինչպես մենք տեղեկացրել ենք, Երեւանի կենտրոնում գտնվող հրապարակը, որը հարում է «Մոսկվա» կինոթատրոնին եւ «Երեւան» հյուրանոցին անվանվել է հանրահայտ երգիչ եւ դերասան Շարլ Ազնավուրի անունով: Երեկ, Հայաստանի անկախության հռչակման 10-րդ տարեդարձի հանդիսությունների կապակցությամբ, Երեւան ժամանած Ազնավուրը ներկա գտնվեց այդ իրադարձության հանդիսավոր արարողությանը: «Ես երբեք չեմ մտածել եւ չեմ էլ երազել, որ կարժանանամ այդպիսի պատվի, քանի որ, սովորաբար, դրան արժանանում են մահից հետո»,- ասաց Ազնավուրը: Ինչպես տեղեկացնում է CNA գործակալությունը, Ազնավուրի հրապարակ, անվանի հայրենակցին ողջունելու էին եկել հարյուրավոր Երեւանցիներ: Դա հարգանքի տուրք էր ոչ միայն մեծ երգչին, այլեւ մարդուն, որը մեծ ջանք է գործադրել1988 թվականի Սպիտակի սարսափելի երկրաշարժի ժամանակ Հայաստանին օգնություն կազմակերպելու համար:Նա նաեւ ՅՈՒՆԵՍԿՈ-ում Հայաստանի Պատվավոր Դեսպան է: Ինչպես ասում է Ազնավուրը, այսօր նա բեմում ելույթներին նախընտրում է դիվանագիտական գործունեությունը Հայաստանին օգնելու ուղղությամբ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: