ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը 558 մլն դրամ է հատկացվել` արտերկրից և տեղական արտադրողներից «Էլիտային» վերարտադրության ցորենի սերմացու ձեռք բերելու նպատակով։ Բյուջետային միջոցների վերաբաշխման մասին որոշումն ընդունվել է հուլիսի 8-ին կայացած կառավարության նիստում:
Ծրագիրը հնարավորություն կտա արդեն 2014թ. ցորենի ցանքատարածությունը հասցնել 115-120 հազար հա-ի, ցորենի ինքնաբավության մակարդակը ներկայիս 37 տոկոսից` 55 տոկոսի։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ վերջին տարիներին բարձրորակ սերմացու չի ներմուծվել Հայաստան։ «Այժմ պետությունը, առաջին անգամը լինելով, զգալի գումար է հատկացնում սերմնաբուծության զարգացմանը այն հաշվով, որ առաջիկայում հնարավոր լինի երկրում արտադրել մինչև 3 հազար տոննա սերմացու։ Դրանով իսկ 3-4 տարում կբավարարվի հացահատիկի սերմացուի պահանջարկը»,- ասել է նա:
Վարչապետի դիտարկմամբ կարևոր է նաև որակյալ սերմացուն ցանել որակյալ հողում, որպեսզի արդյունքը լիակատար լինի։