Հայաստանում «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի» իրագործման համար 2011-2015թթ. ընթացքում կներդրվի շուրջ 50 մլն դոլար: Այդ մասին լրագրողներին հուլիսի 13-ին հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը Երևանում մեկնարկած աշխատանքային սեմինարի ընթացքում` նվիրված այդ ծրագրի քննարկմանը: «Այսօրվա աշխատանքային սեմինարում տվյալ ծրագիրը կներկայացվի բոլոր շահագրգիռ կողմերին` գոյություն ունեցող թերությունները հարթելու և առաջարկություններն ու լրացումները հաշվի առնելու համար, ինչը թույլ կտա ապահովել նրա արդյունավետությունը»,- ասել է նա: Նախարարության ղեկավարի խոսքերով, OPEC և ՀՀ կառավարության միջոցներով ֆինանսավորվող ծրագիրը կազմված է երկու բաղադրիչներից. պտղաբուծության զարգացում և ընկուզենիների աճեցում (12 մլն դոլար) և Հայաստանի գյուղական համայնքներում ենթակառուցվածքների զարգացում (37 մլն դոլար):
Գերասիմ Ալավերդյանը հաղորդեց, որ ծրագիրը կստորագրվի մոտ օրերը: «Կարճ ժամանակում կկատարվեն կազմակերպչական աշխատանքները 2011-ից դրա իրագործումը սկսելու համար»,- ասել է նա: «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիրը» մեկնարկում է Տավուշում, Վայոց Ձորում և Արագածոտնում, որտեղ արդեն անցկացվել են հետազոտական աշխատանքներ և մոնիտորինգ: «Այդ մարզերում կան անհրաժեշտ նախադրյալներ գյուղատնտեսության զարգացման համար, իսկ դրանց ընտրությունը պայմանավորված է նրանով, որ առավել բարենպաստ պայմաններ կան ծիրանենի և ընկուզենի աճեցնելու համար»,- ասել է նախարարը:
Գ. Ալավերդյանը հավելեց, որ այն ծրագրերը, որոնք ՀՀ կառավարությունն իրագործում է միջազգային կառույցների աջակցությամբ` ՄԱԿ Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամը (IFAD) և Նավթարդյունաբերող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամը (OPEC), դրական արդյունքներ են տալիս, մասնավորապես, Հայաստանի մարզերի գազաֆիկացման, ոռոգման համակարգերի վերականգնման, խմելու ջրի համակարգի, գյուղական ճանապարհների վերականգնման ոլորտներում: «Այսօր արդեն ավելի քան 100 համայնք գազաֆիկացված է, 24-ն ունի խմելու և ոռոգման ջրերի համակարգ, 14-ում իրականացվել են միջհամայնքային ճանապարհների վերականգնման աշխատանքներ»,- ասել է նախարարը: