ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը կհրապարակվի մոտ ապագայում: Այդ մասին հուլիսի 14-ին կառավարության մամուլի կենտրոնում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Մենք ընթանում ենք ըստ սահմանված ժամանակացույցի, ավարտին է հասցվում ՏՏՀ-ն և առաջիկայում այդ փաստաթուղթը կհրապարակվի»,-ասել է նա:
Նախարարը նշել է, որ Ռուսաստանից բացի, ԱԷԿ-ի հանդեպ հետաքրքրություն է դրսևորում ևս 5-7 երկիր: «Նրանք բոլորը սպասում են ՏՏՀ-ի հրապարակմանը, որից հետո մենք կմտնենք հետագա քայլերի քննարկումների առարկայական փուլ շահագրգիռ կողմերի հետ»,-ասել է նա:
Հայաստանը մտադիր է ԱԷԿ-ի նոր բլոկ կառուցել մոտ 1000 ՄՎտ հզորությամբ, և, ըստ մասնագետների, այս նախագիծը մոտ 5 մլրդ դոլար կարժենա: Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2011 թվականի սկզբին:
Մեծամորի գործող ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976 թվականին, ներկայումս գործում է միայն երկրորդ էներգաբլոկը 4047,5 ՄՎտ հզորությամբ: Ըստ մասնագետների, ՀԱԷԿ-ը կարող է գործել մինչև 2016 թվականը: