Հուլիսի 14-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հանձնաժողովի ամերիկյան կողմի համանախագահ, Եվրոպայի և Եվրասիայի երկրներին տրամադրվող ամերիկյան օժանդակության համակարգող Դենիել Ռոզենբլյումին:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-ամերիկյան տնտեսական հանձնաժողովի աշխատանքները` ընդգծելով, որ այդ ձևաչափով բազմաթիվ ծրագրեր են մշակվել և կյանքի կոչվել:
Դենիել Ռոզենբլյումը շնորհակալություն հայտնեց Էդվարդ Նալբանդյանին ընդունելության համար և վստահեցրեց, որ հանձնաժողովը կշարունակի տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված ջանքերը:
Երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ, ինչը հնավորություն է ընձեռում առավել ընդլայնել տնտեսական համագործակցությունը:
Զրուցակիցները քննարկեցին հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության և Հայաստանի ու Արցախին ԱՄՆ կողմից ցուցաբերվող աջակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին փոխգործակցությունը նոր ոլորտներով ընդլայնելու հնարավորությունների շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: