Հայաստանի համարյա բոլոր քրեակատարողական գաղութները գերբնակեցված են: Մասնավորապես, անտանելի պայմաններ են «Նուբարաշենի» քրեակատարողական գաղութում, որտեղ 8 մարդու համար նախատեսված բանտախցերում պատիժ է կրում 20 բանտարկյալ: Գերբնակեցվածությունը բավականին բարձր է նաև «Սևան», «Կոշ», «Էրեբունի», «Արթիկ», «Վարդաշեն» գաղութներում: Այս մասին Հայաստանի ՔԿԳ գերբնակեցվածության մասին Երևանում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդների խմբի ղեկավար Արման Դանիելյանը:
Նրա խոսքերի համաձայն, անցյալ տարի համաներման շնորհիվ կրճատվել էր ՔԿԳ-երում բանտարկյալների թիվը: «Սակայն կես տարի անց բանտարկյալների թիվը կրկին հավասարվել է նախկին ցուցանիշին», – նշել է Դանիելյանը;
Դանիելյանի խոսքերի համաձայն, Հայաստանի ՔԿԳ-երի պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին. բանտախցերը չեն օդափոխվում, բավարար քանակի մահճակալներ չկան, որոնք էլ պատճառ են դառնում տարբեր հիվանդությունների առաջացման, սթրեսների, բանտարկյալների միջև վիճահարույց իրավիճակների ծագման:






