AM
19 July 2010 - 08:35 AMT

Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները մայիս ամսին կազմել են մոտ 62.8 մլրդ դրամ

Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա մայիս ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 50.8 %-ով և կազմել է մոտ 62.8 մլրդ դրամ: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի մայիս ամսվա ամփոփ ցուցանիշները» փաստաթղթում:

Այս ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված է ոչ միայն առևտրային նպատակով ներմուծված ապրանքների ավելացմամբ, այլև արտադրական պահանջներից ելնելով կազմակերպությունների կողմից ՀՀ տարածք ներկրված թանկարժեք սարքավորումներից, որոնցից խոշորագույն տաս ընկերությունների («Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Ղ-Տելեկոմ», «Եվրոպա», «Հրազդան ԷՅՋԻՓԻՍԻՍԻ-3», «Վիդիս Դիսթրիբյուշն», «Ֆլեշ», «Սիթի պետրոլ գրուպ», «Միկմետալ», «Մանանա Գրեյն», «Ալեքս Գրիգ») կողմից ներմուծման ծավալները 2010թ.-ի մայիսին նախորդ տարվա մայիս ամսվա նկատմամբ աճել է 13.9 մլրդ. դրամով:

Այս ցուցանիշի աճը ուղիղ համեմեատական կարգով իր անդրադարձն է ունեցել նաև ՀՀ սահմանին վճարված մաքսային վճարների վրա, որը 2010թ.-ի մայիս ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ավելացել է 71.8%-ով և կազմել 13.5 մլրդ դրամ: