AM
26 July 2010 - 11:40 AMT

Հայաստանում ինչո՞ւ է թանկանում պաղպաղակը

«Գրանդ քենդի» ընկերությունը օրերս բարձրացրել է պաղպաղակի գինը: PanARMENIAN.Net –ի լրագրողի հետ զրույցի ընթացքում ընկերության միջազգային կապերի և մատակարարման բաժնի պետ Լիանա Պիտիկյանն ասել է, որ Հայաստանը պաղպաղակի արտադրության համար անհրաժեշտ հումքը գնում է Բելառուսից, իսկ ընթացիկ տարվա մարտից սկսած Բելառուսի ապրանքային բորսայում այդ հումքը թանկացել է: Մասնավորապես բարձրացել են կաթի փոշու և սերուցքային կարագի գները: «Բելառուսի բորսայում գները բարձրանում են ամեն շաբաթ, ինչը մեր արտադրանքի վրա չազդել չի կարող», – ասել է նա:

Դրա հետ կապված բաժնի պետն ավելացրել է, որ պաղպաղակի գինը բարձրացել է միջինը 10 տոկոսով: «Տարեկան կտրվածքով մենք փորձեցինք զսպել գների բարձրացումը, այն հույսով, որ դրանք միգուցե կկարգավորվեն կամ կնվազեն, սակայն դրանք շարունակում են բարձրանալ և հետագա իրավիճակը դեռ պարզ չէ», – ասել է Պիտիկյանը:

Նա միաժամանակ հույս հայտնեց, որ իրավիճակը կլավանա, քանի որ ներկա պահին Բելառուսի շուկան իր ապրանքի որակով ամենաընդունելին է: Այլընտրանքային շուկա փնտրելու մասին հարցին պատասխանելով, «Գրանդ քենդիի» ներկայացուցիչն ասել է, որ ընկերությունն ամեն օր ուսումնասիրում է շուկաները և գների կտրուկ բարձրացման դեպքում կարող է ներմուծող երկրին փոխել, սակայն «ոչ հիմնական հումքի որակազրկման հաշվին»:

Իսկ «Աշտարակ կաթ» ՓԲԸ – ում չկարողացան պատասխանել կաթնամթերքի գների բարձրացման մասին տրված հարցին;