AM
28 July 2010 - 09:47 AMT

Միխայիլ Սահակաշվիլին առաջարկում է ինտեգրել Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի մաքսային ծառայությունները

Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ինտեգրեն իրենց մաքսային համակարգերը հանուն իրենց բնակչության բարգավաճման: Այդ մասին հուլիսի 27-ին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկրի ֆինանսների նախարարության ղեկավարության հետ հանդիպմանը:

Ըստ նրա, «Վրաստանի ու Թուրքիայի մաքսային համակարգերի ինտեգրումը շատ բարիքներ բերեց այդ երկրների տնտեսություններին»: «Սարպիում մենք կարողացանք ինտեգրել Վրաստանի ու Թուրքիայի մաքսային համակարգերը, նույն սկզբունքը մենք պետք է կիրառենք նաև Հայաստանի ու Ադրբեջանի հետ սահմաններում»,-ասել է Սահակաշվիլին:

Նա նշել է, որ «բանակցություններն այս հարցի շուրջ բարդ են լինելու, սակայն կա արդեն հայկական կողմի համաձայնությունը»: Սահակաշվիլին հայտարարել է. «Մենք պետք է աշխատենք Ադրբեջանի հետ մեր մաքսային համակարգերի ինտեգրման ուղղությամբ` առավել դյուրին դարձնելու համար սահմանի հատումը մեր պետությունների բնակչության համար, որպեսզի մարդիկ ու բեռները տեղափոխվեն առանց ավելորդ խնդիրների, իսկ երկրների տնտեսությունները առավել ինտենսիվ զարգանան»: