AM
28 July 2010 - 12:40 AMT

ԷՄՄ տվյալների համաձայն, Հայաստանում համաշխարհային կապից օգտվում է ազգաբնակչության 7 տոկոսը

Internet World Stats-ը հրապարակել է համացանց այցելությունների մասին Էլեկտրակապի միջազգային միության 2010 թ. հունիսի տվյալները, որոնց համաձայն, Հայաստանում համաշխարհային ցանցից օգտվում է բնակչության ընդամենը 7 տոկոսը (208200 մարդ): ԷՄՄ գնահատականի համաձայն, 2009 թ. Հայաստանում համացանցից օգտվողների թիվը 191 հազար էր (բնակչության 6,4 տոկոսը): Սակայն Հայաստանի որոշ փորձագետներ գտնում են, որ տվյալները նվազեցված են:

«Ինձ համար անհասկանալի է ԷՄՄ-ի հաշվարկման մեթոդը, սակայն նրանք այլ մեթոդ չունեն: Ակնհայտորեն, ԷՄՄ-ն հաշվի է առել միայն համացանցի գրանցված բաժանորդներին, սակայն նույնիսկ այդ դեպքում նրանց տվյալները նվազեցված են: Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների համաձայն, Հայաստանում համացանցից օգտվում են բնակչության 20 տոկոսը», – PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը:

Նրա խոսքերի համաձայն, Հայաստանը համացանցից օգտվողների քանակը պարզելու սեփական ուսումնասիրությունները պետք է կատարի, որը, սակայն, կարժենա 30 հազ. ԱՄՆ դոլար: «Համացանցից օգտվողների թվի վերաբերյալ նվազեցված տվյալները բացասականորեն կարող են անդրադառնալ Հայաստանում IT ոլորտի զարգացման վրա, քանի որ դրանք կարող են ազդեցություն գործել ներդնողների որոշումների կայացման հարցում», – ասել է Ի.Մկրտումյանը:

IT ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանն, իր հերթին, դժվարացավ ասել, թե արդյոք ճի՞շտ են ներկայացնում իրականությունն ԷՄՄ-ի տվյալները: «Հաշվարկի ընդհանուր մեթոդ գոյություն չունի, այդ պատճառով յուրաքանչյուրն ըստ իր կարգի է հաշվում», ասել է նա:

ԷՄՄ տվյալների համաձայն, Վրաստանում համացանցից օգտվողների թիվը 1300 մլն է (բնակչության 28,3 տոկոսը), Ադրբեջանում` 3 մլն 689 հազ. (բանկչության 44,4 տոկոսը): Ասիական տարածարջանում համացանցից օգտվողների թվով առաջին տեղը զբաղեցնում է Չինաստանը` 420 մլն. մարդ: