AM
14 August 2010 - 10:49 AMT

Հայաստանում 8 մասնավոր բուհեր դադարեցրել են իրենց գործունեությունը

Օգոստոսի 12-ին կայացած «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» հերթական նիստում Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը որոշում ընդունեց Հայաստանի 7 մասնավոր բուհերի լիցենզիայի գործողության լիարժեք դադարեցման մասին: Այդ մասին օգոստոսի 14-ին կայացած մամլո ասուլիսում հաղորդել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը:

Նրա խոսքով, հետազոտությունները կատարվել են 15 օրվա ընթացքում Հայաստանի 75 մասնավոր բուհերից 28-ում: Հայաստանի կրթության նախարարը մոտ 2-2.5 տարի առաջ սկսել է նման միջոցառումներ իրականացնել Բոլոնյան գործընթացին մասնակցելու համար: Անցկացված հետազոտությունների վերջում բուհերից մեկի ղեկավարությունը հաղորդել է բուհի գործունեության դադարեցման մասին, իսկ 7 բուհեր զրկվել են որոշ ֆակուլտետների գործունեության լիցենզիայից:

Բուհերին լիցենզիայից զրկելու չափանիշ էին դարձել ոչ բավարար որակավորված պրոֆեսորադասախոսական կազմը, լաբորատորիաների ու գրադարանների վատ կահավորումը, շենքի վարձակալման պայմաններն ու այլ պատճառներ:

«Փակված լիցենզավորված բուհերի ուսանողները, գործող Օրենսդրության համաձայն, անհրաժեշտության դեպքում հանձնելով համապատասխան քննությունները, կկարողանան կրթությունը շարունակել պետական կամ այլ մասնավոր բուհերի համապատասխան ֆակուլտետներում»,- ընդգծել է Արա Ավետիսյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի խոսքով, հետազոտություններն իրականացվելու են նաև պետական բուհերում, իսկ անցկացված հետազոտությունների արդյունքների մասին մասնավոր բուհերում պաշտոնապես կհայտարարվի 15 օր անց: Նա ավելացրել է նաև, որ մի քանի բուհեր նախազգուշացումներ են ստացել հայտնաբերված թերությունների վերացման վերաբերյալ: