ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «Emitac Mobile Solutions» («EMS») և «Research In Motion» («RIM») (NASDAQ: RIMM; TSX: RIM) ընկերություններն այսօր հայտարարեցին BlackBerry® լուծումները Հայաստանում գործարկելու մասին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՎիվաՍել-ՄՏՍ մամլո ծառայությունից, նախնական փուլում ընկերությունը ծրագրում է գնորդներին առաջարկել BlackBerry սմարթֆոնների BlackBerry® Bold™ 9700, BlackBerry® Bold™ 9000, BlackBerry® Storm 2™ 9520 մոդելները:
«Անհատական և գործնական օգտագործման համար նախատեսված BlackBerry սմարթֆոններ առաջարկելով` ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է նրան, որ իր բաժանորդներին հասանելի դառնան տեխնոլոգիական նվաճումները: Բջջային ինտերնետի բարձրորակ ծառայությունների տրամադրումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գերակայություններից է: Ընկերության` տվյալների փոխանակման վրա հիմնված ծառայությունների հանդեպ աճող պահանջարկը հաշվի առնելով` մենք մեր բաժանորդներին առաջարկում ենք ստանալ առավելագույնը ՎիվաՍել-ՄՏՍ-ի` երկրում ամենամեծ ծածկույթով 3G ցանցից և «RIM» ընկերության սմարթֆոնների վերջին մոդելներից»,- նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«EMS» ընկերության գործադիր տնօրեն Բաբար Խանն իր հերթին նշեց, որ Հայաստանում BlackBerry սմարթֆոնների առաջարկը «EMS»-ի համար կարևոր քայլ է, քանի որ այն վկայում է BlackBerry®-ի ներկայացվածության աշխարհագրությունն ընդլայնելու և նոր շուկաներում BlackBerry® լուծումները ներդնելու մեր վճռականության մասին: «BlackBerry® լուծման ներդրման, գործարկման, ինչպես նաև իրականացման փուլում աջակցելու գործում «EMS»-ի փորձառությունը հնարավորություն է տալիս ՎիվաՍել-ՄՏՍ-ին տրամադրելու առավել որակյալ ծառայություններ` ապահովելով բաժանորդների գոհունակությունը և իր առջև դրված բիզնես նպատակների իրականացումը»,- ավելացրեց «EMS» ընկերության գործադիր տնօրենը:
BlackBerry Bold 9700 սմարթֆոնը բիզնես պրոֆեսիոնալների և ակտիվ օգտագործողների համար նախատեսված կատարյալ միջոց է: Աշխատանքում այն արդյունավետ է, ֆունկցիոնալ և օժտված է հնարավորություններով, որոնք համատեղելի են 3G HSDPA ցանցերի հետ` ողջ աշխարհում, ունի նոր սերնդի` 624 ՄՀց պրոցեսոր, 256 ՄԲ ֆլեշ-հիշողություն, ներկառուցված GPS և Wi-Fi®, 3.2 ՄՊ լուսանկարչական և տեսախցիկ և բարձր լուծաչափով անգերազանցելի էկրան: BlackBerry Storm2 «RIM» ընկերության սենսորային էկրանով սմարթֆոնների մրցանակի արժանացած մոդել է: Այն օժտված է մեծ և պայծառ էկրանով, որն օգտագործողներին հնարավորություն է ընձեռում լիարժեք վայելելու բջջային խաղերը, տեսանյութերի դիտումը, լուսանկարները, վեբ կայքերի այցելությունը և շատ ավելին: BlackBerry Storm2 սմարթֆոնը ներկայացնում է նոր սերնդի SurePress™ տեխնոլոգիան` հիմնված սենսորային էկրանին հպմանը արձագանքող համակարգի վրա:
BlackBerry Bold 9000 սմարթֆոնն օժտված է հեռախոսի առաջնակարգ հնարավորություններով` առաջարկելով էլեկտրոնային փոստի և հաղորդագրությունների փոխանակման շուկայում առկա լավագույն լուծումները, ներառելով նաև մուլտիմեդիա լայն հնարավորություններ և թույլ է տալիս հեշտությամբ օգտագործել բիզնեսի և անհատական կարիքների համար նախատեսված բազմաթիվ ծրագրեր: Այս մոդելը նաև համատեղելի է HSDPA բարձր արագություն ապահովող ցանցերի հետ` ողջ աշխարհում, ունի ներկառուցված GPS և Wi-Fi, ինչպես նաև` գունավոր` 480 x 320 չափի, 217 պիկսել` մեկ դյույմում, էկրան, 624 ՄՀց պրոցեսոր, թվային լուսանկարչական և տեսախցիկ և microSD/SDHC հիշողության քարտի բնիկ: