«Մենք կհասկանայինք` ինչու Ռուսաստանը և Հայաստանը որոշեցին 49 տարով երկարացնել ռուսական բազայի տեղակայման ժամկետը, եթե նա ճանաչեր Ղարաբաղի անկախությունը, և եթե Ադրբեջանը լրջորեն սպառնար Հայաստանին»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքերով, դեռևս հայտնի չէ Հայաստանի դաշնակցի դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ, ինչպես նաև վերջերս ստորագրված պայմանագրերի վերաբերյալ, մասնավորապես, Հայաստանում ռուսական ռազմական բազայի տեղակայման ժամկետը երկարացնելու մասին: Սաֆարյանը նշեց, որ շատերը երկրում դժգոհ կլինեն ստեղծված իրավիճակից: «Ցավոք սրտի պետք է նշել, որ տարիների հետ Հայաստանի անվտանգությունը և ինքնիշխանությունը չեն ամրապնդվում»,- ասել է նա և հավելել, որ երկիրը ժամանակի հետ դրան սկսել է մատների արանքով նայել: Նա նշել է, որ «Ժառանգությունն» արդեն հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերություները պետք է իրավահավասար և դաշնակցային լինեն: «Այսինքն կողմերը պետք է ճանաչեն միմյանց շահերը»,- ասել է նա:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային համալիրների վաճառքի տեղեկատվությանը` Սաֆարյանն ասաց, որ եթե Ռուսաստանն այդ գործը մինչև վերջ հասցնի, ապա դրանով Հայաստանին դուրս կմղի ՀԱՊԿ-ից: «Դրանից հետո մեզ անհրաժեշտ կլինի վերանայել մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ում, ինչպես նաև այլ դաշնակիցների հետ հարաբերությունները»,- ասել է Սաֆարյանը:






