AM
31 August 2010 - 07:53 AMT

ՀՌԱԿ-ը մեղադրում է Հայաստանի կառավարությանը և «Նաիրիտ» գործարանի ղեկավարությանը անգրագետ կառավարման մեջ

ՀՌԱԿ տնտեսական հանձնախումբն իր ուսումնասիրությունների հիման վրա մեղադրել է կառավարությանը և «Նաիրիտ» գործարանի ղեկավարությանը գործարանի անգրագետ կառավարման մեջ: «2006 թվականից մինչ օրս, «Նաիրիտ»-ի ապաշնորհ ղեկավարության աշխատաոճի եւ կառավարության` ի դեմս Էներգետիկայի նախարարության «շահութաբեր աչքակապության» արդյունքում գործարանը հասցվեց սննկացման եզրին` կուտակելով շուրջ 300 մլն դոլար պարտք, որից 200 մլն-ը` Հայաստանից դուրս գտնվող կազմակերպություններին»,-ասվում է կուսակցության մամլո ծառայության կողմից PanARMENIAN.Net-ին տրամադրված մամլո հաղորդագրության մեջ:

Կուսակցության տնտեսական հանձնաժողովը պնդում է, որ վարկային գումարները հիմնականում մսխվեցին կաուչուկի արտադրությունը բուտադիենի հումքի անցնելու «ծրագրի» անվան տակ: «Սա է պատճառը, որ համաշխարհային ճանաչում ունեցող ֆինանսական կազմակերպությունները հրաժարվում են ներդրումներ կատարել ու համագործակցել հեքիաթասաց ՀՀ վարչապետի եւ «Նաիրիտ» գործարանի «ղեկավարության» հետ, քանի որ ակնառու է, որ վերջիններս չեն տիրապետում իրական տեխնիկա-տեխնոլոգիական ներկայիս վիճակին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Փաստորեն, «Նաիրիտ» գործարանի 10% սեփականատեր հանդիսացող ՀՀ կառավարության կանխամտածված թողտվությամբ, Հայաստանը համաշխարհային մենաշնորհային արտադրության կորստի շեմին է, որի արդյունքում կփակվեն հազարավոր աշխատատեղեր ու արտադրական տեխնոլոգիաներ թե' գործարանում, թե' նրանից դուրս:

Պարտքերի պատճառով «Նաիրիտ» գործարանի ՓԲԸ-ն ընթացիկ տարում մի քանի անգամ պարապուրդի է մատնվել: Մասնավորապես, 2010-ի մարտին «Նաիրիտ» գործարանը անորոշ ժամկետով դադարեցրեց քլորոպրենային կաուչուկի արտադրությունը: Ենթադրվում է, որ պատճառը էլեկտրաէներգիայի սպառման համար գործարանի կուտակած պարտքն է, որը հասնում է 1 մլրդ դրամի (2,5 մլն դոլար):