AM
31 August 2010 - 08:55 AMT

ՀՌԱԿ-ի հայտարարությունը «Նաիրիտի» վերաբերյալ անպատասխան մնաց. բոլորն արձակուրդում են

Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության մեղադրանքները կառավարության և «Նաիրիտ գործարանի» ղեկավարության անբարեխղճության մասին, որը հանգեցրել է գործարանի սնանկությանը, անպատասխան են մնացել, որովհետև պաշտոնատար անձինք և նրանց մամլո քարտուղարները դեռ վայելում են իրենց ամառային արձակուրդը:

Պաշտոնական բացատրություններ ստանալու նպատակով PanARMENIAN.Net-ի թղթակիցը դիմեց ՀՀ էներգետիկայի նախարարությունը, որն, ի դեմս կառավարության, գործարանի սեփականատերերից է (10 տոկոս): Նախարարության մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանը, որն արձակուրդում էր, հաղորդեց, որ գործարանի հարցերով անձամբ զբաղվում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, որը չի կարող մեկնաբանություններ տալ այդ հարցի շուրջ, քանի որ նույնպես արձակուրդում է:

Ինչ վերաբերվում է «Նաիրիտ գործարանի» մամլո քարտուղար Անուշ Հարությունյանին, ապա նա, նույնպես գտնվելով արձակուրդում, խոստացավ կապվել համապատասխան անձանց հետ և պարզաբանել իրավիճակը: «Եթե նրանցից ինչ-որ տեղեկատվություն ստանամ, ձեզ կհայտնեմ այդ մասին»,- ասաց Հարությունյանը: