AM
4 June 2003 - 15:02 AMT

ԲԱՔՈՒՆ ԲՈՅԿՈՏՈՒՄ Է «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԱԳՐԵՍԻԱ ԳՈՐԾՈՂ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Ադրբեջանը սկզբունքորեն հրաժարվել է Երեւանում անցկացվող ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին մասնակցելուց: Իր մերժումը պաշտոնական Բաքուն բացատրում է նրանով, որ «Ադրբեջանի, որպես ԱՊՀ մասնակցի, դեմ ագրեսիա եւ պետական ահաբեկչություն իրականացրած երկրի մայրաքաղաքում ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցերի քննարկումը հակասում է ԱՊՀ անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի սկզբունքներին եւ կարող է գնահատվել որպես Հայաստանի կողմից ագրեսիայի արդարացում»: Ադրբեջանական կողմի կարծիքով, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, «ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում միջոցառումները պետք է իրականացվեն բացառապես միայն միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սկզբունքների հիման վրա, որի բանաձեւերը պահանջում են Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի անհապաղ դուրսբերում»: Ադրբեջանի կողմից երեւանյան նիստի մասնակիցներին հղված նամակում համուզմունք է հայտնվում, որ նրանց մեծամասնությունը ըմբռնումով կմոտենա Բաքվի դիրքորոշմանը: «Հակառակ դեպքում գոյություն ունեցող իրողությունների անտեսումը կնշանակի «երկակի չափանիշների» քաղաքականության շարունակում, որն արգելափակում է բազմակողմանի փոխգործունեության գործընթացն ահաբեկչության դեմ պայքարում»,- ասվում է ուղերձում: