AM
2 September 2010 - 07:59 AMT

ՀՀ վարչապետը կմասնակցի «ARMENIA EXPO 2010»-ի պաշտոնական բացման արարողությանը

«ARMENIA EXPO 2010» 10-րդ ունիվերսալ տարածաշրջանային հոբելյանական առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 2010-ի 3-5-ը Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, հաղորդում է LOGOS EXPO Center-ի մամլո ծառայությունը:

«ARMENIA EXPO 2010»-ն իրավամբ համարվում է Հայաստանի գլխավոր և տարածաշրջանում ամենախոշոր ցուցահանդեսային ֆորումը, որի անցկացման ծավալները և իրական նշանակությունը դժվար է չգնահատել: Ի տարբերություն այլ նմանատիպ միջոցառումների, որոնք նեղ մասնագիտացված են և լիովին պատկերացում չեն տալիս Հայաստանի ողջ արդյունաբերական ներուժի մասին, «ARMENIA EXPO»-ն ընդգրկում է գրեթե բոլոր ոլորտները:

Առանձին էքսպոզիցիաները խոշորագույն ցուցահանդեսում միավորելու այս գաղափարը հնարավորություն է տալիս մասնակիցներին էապես կրճատել մարքեթինգային ծախսերը` սեփական կազմակերպության ապրանքը կամ ծառայությունը ներկայացնելիս:

Այս ցուցահանդեսը ամեն տարի լայն հնարավորություն է տալիս մասնակից ձեռնարկություններին ներկայացնելու նոր տեխնոլոգիաներ, համակարգեր և կոմպոնենտներ, ինչպես նաև նորագույն լուծումներ արդյունաբերության տարբեր ոլորտներում: Ովքեր գնահատում են ժամանակը, այս ցուցահանդեսը իրական հնարավորություն է ընձեռում առանց երկրից դուրս գալու և կարճ ժամանակահատվածում ձեռք բերել գործնական կապեր և ներգրավել արտերկրյա խոշոր ներդրումներ սեփական բիզնեսի զարգացման համար:

Ցուցահանդեսի կազմակերպիրչներն են LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը և ՀԱԳՄ ( Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միությունը): Ցուցահանդեսային ֆորումը տեղի կունենա ՀՀ կառավարության պաշտոնական աջակցությամբ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կմասնակցի ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը:

Ցուցահանդեսի գլխավոր ինֆորմացիոն հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: