Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Քերի Քավանոյի Կիպրոսում ԱՄՆ-ի դեսպան նշանակման մասին տեղեկությունը, Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն հայտնեց, որ Մինսկի խմբի համանախագահի փոփոխումը նշանակում է, որ բանակցությունները կձգվեն երկար ժամանակ, նույնիսկ կարող է սառեցվեն: Իր ենթադրությունը նա հիմնավորում է նրանով, որ Քավանոն իրազեկ էր վերջին ղարաբաղյան բանակցությունների բոլոր նրբություններին եւ նոր համանախագահին անհրաժեշտ է բավական ժամանակ, որպեսզի ծանոթանա իրավիճակին: Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամլո-քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը հայտնեց հակառակ կարծիքը: Ըստ նրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեղեկատվության փոխանակման ընթացքը հին համանախագահից նորին երկար ժամանակ չի տեւի: Ըստ որում, պետք է նկատի ունենալ, որ այս տարվա հոկտեմբերին նախատեսվում է համանախագահների հերթական այցը տարածաշրջան, ինչը հնարավորություն կտա Փերինային տեղում անձամբ ծանոթանալ իրավիճակին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: