AM
3 September 2010 - 11:38 AMT

Կառավարության հավանությանն է արժանացել «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի նախագիծը

Սեպտեմբերի 3-ին կառավարության նիստի ընթացքում կառավարության հավանությանն է արժանացել «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի նախագիծը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը հայտնել է, որ այդ օրենսգրքով սահմանվում են ՀՀ տարածքում ընդերքօգտագործման, ընդերքն օգտագործելիս շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանելու սկզբունքներն ու կարգը և այլ իրավահարաբերություններ։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ այս օրենքը կարևորագույններից է և լուրջ նշանակություն է ունենալու մեր երկրի տնտեսական զարգացման համար։ Այդ նկատառումով նույնիսկ առաջարկվում է Հայաստանում ստեղծել ընդերքի առանձին նախարարություն։ «Մենք սխալվելու իրավունք չունենք։ Եվ չնայած օրենքի նախագիծը մշակվել է Համաշխարհային բանկի փորձագետների մասնակցությամբ, այնուամենայնիվ դրա հեղինակային իրավունքը մեզ է պատկանելու», – ասել է Տիգրան Սարգսյանը։

Նա նպատակահարմար է համարել ստանալ բոլոր նախարարությունների կարծիքները և առաջարկել է իր մոտ ևս մեկ քննարկում անցկացնել և գալ ընդհանուր հայտարարի։