AM
7 September 2010 - 12:45 AMT

Երևանում հոկտեմբերին կկայանա վերականգնվող էներգետիկայի շաբաթ

Հոկտեմբերի 5-8-ը Երևանում կկայանա վերականգնվող էներգետիկայի շաբաթ, հաղորդում է «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնի մամլո ծառայություն :

«Վերականգնվող Էներգետիկայի շաբաթը» (ՎԷ շաբաթ) իրենից ներկայացնում է մասնագիտական միջոցառում, որտեղ ներգրավված են հայ և օտարերկրյա մասնագետներ, ներդրողներ, հետազոտողներ, խորհրդատուներ, ոլորտի առաջատար փորձագետներ, գիտնականներ, ինչպես նաև ՎԷ սարքավորումներ արտադրողներ և ներմուծողներ:

ՎԷ շաբաթը նոր կապերի հաստատման հնարավորություն կընձեռի ոլորտի մասնակիցներին, ինչպես նաև հնարավորություն կտա ծանոթանալ ՎԷ ոլորտի արդի տեխնոլոգիական և գիտական նվաճումներին, ֆինանսական շուկայի ներգրավման տարբերակներին և հնարավորություններին: Շաբաթվա ընթացքում կքննարկվեն` ՎԷ զարգացման առկա հիմքերը և հնարավոր զարգացումները` ռազմավարություն և նպաստող քաղաքականություն; Հայաստանում ՎԷ ռեսուրսների առկայությունը և դրանց իրացման ներկա մակարդակը, ներառյալ փոքր հիդրոկայաններ, հողմաէներգետիկա, կենսաէթանոլ, արևային տեխնոլոգիաներ, կենսագազ, ջրածնային էներգետիկա և այլն; Հայաստանում ՎԷ տեխնոլոգիական զարգացման ներուժը և հնարավորությունները; Հայաստանում ՎԷ ֆինանսավորման հնարավորությունները:

ՎԷ շաբաթվա ընթացքում տեղի են ունենալու շնորհանդեսներ, քննարկումներ, կլոր սեղաններ, այց դեպի տեղանքներ և մասնագիտական ցուցահանդես:

Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷՀ) և «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոն ՍՊԸ-ն` ՀՀ Կառավարության, Համաշխարհային բանկի և Գլոբալ բնապահպանական հիմնադրամի աջակցությամբ: