ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը մտադիր է գործարկել LTE 4-րդ սերնդի անլար կապի ցանցը: Այդ մասին մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նրա խոսքերով, այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապի ծածկույթը 3G տեխնոլոգիայով կազմում է 92 տոկոս: Ընկերությունը 3G կապով ապահովում է Հայաստանի 650 բնակավայրերը:
«Մենք պատրաստվում ենք գործարկել 4-րդ սերնդի կապ և իրականացնելու ենք դա տեխնիկապես պատրաստ լինելուց հետո: Տվյալ տեխնոլոգիան գոյություն ունի ոչ շատ երկրներում, և Հայաստանը լինելու է դրանցից մեկը»,- ասել է Յիրիկյանը:
Հուլիսի վերջին ՄՏՍ բջջային կապի օպերատորն ԱՊՀ տարածքում առաջին անգամ գործարկել է LTE 4-րդ սերնդի ցանցը Տաշքենդում: Ինչպես ասել է RBK daily-ի հետ հարցազրույցում «ՄՏՍ արտասահմանյան ընկերություններ»-ի տնօրեն Օլեգ Ռասպոպովը, LTE ցանցի թեստային գործարկումներն Ուկրաինայում և Հայաստանում նախատեսվում է անցկացնել մինչև 2010-ի վերջը:
2010-ի ապրիլի վերջին Beeline ընկերությունը թողարկել է LTE ցանցը թեստային ռեժիմով Աստանայում: LTE-ն հաջորդ սերնդի անլար կապի տեխնոլոգիա է` նախատեսված լայնաշերտ հասանելիության բջջային կապի համար: Այսօր LTE-ն կոմերցիոն տարբերակով հասանելի է Նորվեգիայում, Շվեդիայում, Լեհաստանում և Ուզբեկստանում: