AM
14 September 2010 - 11:02 AMT

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը բլոգ է բացել

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը Էլեկտրոնային օրագիր կվարի Ինտերնետում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամլո քարտուղար Մարիա Սադոյանը, նախատեսվում է, որ բլոգի լեզուն հասանելի կլինի բոլորի համար, իսկ գրառումները կվերաբերեն դիվանագետին հետաքրքրող տարբեր թեմաների:

«Դա չի նշանակում, որ սուր թեմաներ չեն լինի: Չարլզ Լոնսդեյլը մեծ ցանկություն ուներ բլոգ վարելու, նրա համար հետաքրքիր է երկխոսության մեջ մտնել ոչ միայն գործընկերների և դիվանագետների, այլ բնակչության լայն շրջանակների հետ»,-ասել է Մարիա Սադոյանը: Իր առաջին գրառման մեջ, որն արվել է սեպտեմբերի 13-ին, դեսպանը պատմել է Գյումրի կատարծ իր այցելության, Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ուսանողների և դպրոցականների հետ հանդիպման մասին: Դեսպանի բլոգը զետեղված է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ կայքի պլատֆորմի վրա, որտեղ իրենց բլոգերն են վարում նախարարության շուրջ 50 աշխատակիցներ, որոնց թվում են նաև Մեծ Բրիտանիայի 20 դեսպաններ: «Սա Անգլիայի կառավարության այն հազվադեպ նախարարություններից մեկն է, որը ողջունում է շփումը բլոգերի ձևաչափում»,-ասել է Մարիա Սադոյանը:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունն առաջին դիվանագիտական ներկայացուցչությունն է երկրում, որը էջ է բացել Facebook սոցիալական ցանցում: Էջին բաժանորդագրվել է 526 մարդ: