Երևանում բացվեց հայ-բելգիական բիզնես-ֆորում, որը կտևի մինչև սեպտեմբերի 15-ը: Միջոցառումն ընթանում է Միավորված Ազգերի Կազմակերպության արդյունաբերական զարգացման ծրագրի նախաձեռնությամբ (UNIDO/ՄԱԱԶԿ) «Հայաստանի և Վալոնիայի մարզի (Բելգիա) գործարարների միջև արդյունաբերական համագործակցության խթանման աջակցում» ծրագրի շրջանակներում` համագործակցելով Հայկական զարգացման գործակալության և Վալոնիայի ներդրումային գործակալության (AWEX) հետ:
«Այս ֆորումն առանձնահատուկ է, քանի որ մեկուկես տարի առաջ հայ-բելգիական առևտրա-արդյունաբերական պալատը` աշխատելով երկու երկրների ավելի քան 100 ձեռնարկությունների հետ, դրանք միմյանց ներկայացրեց, և ներկա պահին մոտ 20-23 բելգիական ընկերություններ սկսել են կոնկրետ ծրագրերի շուրջ բանակցություններ վարել»,- իր խոսքում նշել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
Նրա խոսքով, ֆորումի ընթացքում ձեռնարկատերերը կքննարկեն կոնկրետ նախագծեր, որոնք արդեն հաստատվել են: Ընդ որում, նախարարը հույս է հայտնել, որ ֆորումի շրջանակներում մի քանի պայմանագրեր կկնքվեն, ինչը հետագայում թույլ կտա ընդլայնել համագործակցությունը:
Ֆորումի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը բելգիացի ձեռնարկատերերին ներկայացրեց ծրագրեր և բարեփոխումներ, Հայաստանի տնտեսության հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանային շուկա դուրս գալու հնարավորությունները, որոնցից կարող են օգտվել բելգիական ընկերությունները` համագործակցելով հայ գործարարների հետ:
Զարգացման հայկական գործակալության (AAP) գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանն իր հերթին ասել է, որ արդեն մի քանի նախագծեր կան տարբեր` սննդի վերամշակման, էներգետիկայի, քիմիայի և դեղագործության, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում: «62 նախագծերից մենք ընտրել ենք 33-ը, որոնք համապատասխանում են UNIDO-ի մեթոդաբանությանը և կներկայացվեն բելգիացի գործարարներին: Նախագծերի ընդհանուր ծավալը կազմում է մոտ $70 մլն»,- ասել է նա:
Ռոբերտ Հարությունյանի խոսքով, բոլոր հայ-բելգիական ձեռնարկություններն աշխատելու են Հայաստանի տարածքում, իսկ դրանց հիմնական գաղափարը կայանում է նրանում, որպեսզի Հայաստանում արտադրված ապրանքն արտահանվի Եվրոպա նույնպիսի հարկային արտոնություններով, որոնք այժմ նախատեսված են ԱՊՀ երկրների համար:
2009 թվականի տվյալներով, Հայաստանի ու Բելգիայի միջև ապրանքաշրջանառությունտ կազմել է $105 մլն 322 հազար, որոնցից $46 մլն 790 հազարը բաժին է ընկնում արտահանմանը, իսկ $58 մլն 532 հազարը` ներկրկմանը: