Սեպտեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մշակած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրինագծի հասարակական քննարկումը: Օրինագծի հասարակական քննարկումներին մասնակցում էին ՀՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանը և մի շարք ձեռնարկատերեր:
Օրինագծում նախատեսված հիմնական կետերի շարքում Արտակ Շաբոյանը առանձացրել է մրցակցության հիմունքները խախտողների հանդեպ նախատեսված մի շարք պատժամիջոցների խստացումը: Նրա խոսքերի համաձայն, մասնավորապես նախատեսվում է բարձրացնել անբարեխիղճ մրցակցության համար սահմանված տուգանքի չափը, որը հիմա կազմում է 500 հազ. դրամ` բոլոր տնտսուբյեկտների համար: «Մենք սահմանել ենք վերին և ստորին սահմաններ` ըստ տնտեսվարող սուբյեկտի ֆինանսական վիճակի, որպեսզի նրանք միանման պատժաչափով պատասխանատվություն չկրեն», – ասել է նա:
Դրա հետ կապված Արտակ Շաբոյանը պարզաբանել է նաև, որ փոքր տնտեսվարողների համար տուգանքի չափը կարող է կազմել 300 հազ. դրամ, իսկ խոշորների համար 0,1 տոկոս` տարեկան շրջանառությունից:
Օրինագծի հաջորդ կարևոր կետը հակամենաշնորհային մարմնի իրավասությունների մեծացումն է: Օրինագիծը նախատեսում է նաև տեղեկատվական բազայի մեծացում, ինչը նկատելիորեն կհեշտացնի հանձնաժողովի մոնիտորինգները:
Օրինագծում միայն մեկ հարց չի շոշափվել, այն է` ԵՄ-ի հետ համատեղ ՀՀ կառավարության իրականացվելիք Twinning ծրագրին պետաջակցությունը:
Օրինագիծը շահագրգիռ կողմերի քննարկումից հետո կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը: