ՆԱՏՕ-ի «Հայաստան 2010» տարերային աղետների վերացման զորավարժությունները բավականին լավ էին նախապատրաստված: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՆԱՏՕ-ում ՌԴ ներկայացուցիչ Վլադիմիր Կակուշան: Նա ափսոսանք է հայտնել, որ զորավարժություններին չկարողացան մասնակցել ռուս փրկարարները, որոնք զբաղված են հրդեհների մարմամբ:
«Այն, ինչ մենք այստեղ տեսնում ենք, վկայում է ինչպես փրկարարների, այնպես էլ միջազգային համակարգող մարմինների լուրջ պատրաստվածության մասին: Զորավարժությունների շրջանակներում պրոֆեսիոնալների միջև միշտ հեշտ է փոխըմբռնում հաստատվում»,-նշել է նա: Անդրադառնալով հայ փրկարարների պատրաստվածության մակարդակին՝ Կակուշան ընդգծել է, որ այն բարձր մակարդակի վրա է՝ նշելով հայ հրշեջների աշխատանքը Ռուսաստանում: «Նրանք շատ բարձր պրոֆեսիոնալ մակարդակ ցույց տվեցին»,-ասել է Կակուշան: