«Հավանաբար, դուք շատ անգամ եք լսել, որ ոչ մի պետություն, նույնիսկ մեծ, առավել ևս փոքր Հայաստանը չի կարող միայնակ ապահովել իր անվտանգությունը: Մենք դաշնակիցներ ենք Ռուսաստանի հետ, ռազմավարական գործընկերներ, ոչ թե միայն երկկողմ հիմքերի, այլ նաև ՀԱՊԿ շրջանակներում:
Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ շատ են սպառնալիքներն ու վտանգները»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` մեկնաբանելով ՀՀ որոշումը իր տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը 49 տարով երկարացնելու մասին: «Որոշ երկրներ առանձին դեպքերում նույնիսկ կասկածի տակ են դնում իր պատմական հողում հայերի ապրելու իրավունքը: Պատմական և արդիական պատճառներով մեծ է մեր տարածաշրջանում ռազմական բախումների հավանականությունը»,-ասել է Հայաստանի նախագահը:
Ընդ որում, նա նշել է, որ ռուսական կողմի շահը իր զինված ուժերի զարգացումը, ռազմավարական շահերը ծրագրելու հնարավորությունն է, իսկ հայկական կողմինը՝ օգնություն ու աջակցություն ստանալն է անվտանգության ապահովման գործում: «Դա լուրջ գործոն է ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու, մեր բանակն ըստ ժամանակակից չափանիշների վերազինելու համար: Ուստի, ես կարծում եմ, որ դա բխում է մեր ազգային շահերից»,-ասել է ՀՀ նախագահը, գրում է ուկրաինական «Պրոֆիլ» ամսագիրը:






