AM
17 September 2010 - 08:41 AMT

Վրաստանում չեն կարողանում պարզել, թե ով է հրաման տվել փակել «Վերին Լարսը»

«Վերին Լարս» ՀԱԿ-ում պահվում են Հայաստանի բեռնատար մեքենաները: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից, տվյալ պահին այդ հարցն ավելի ընդլայնված բնույթ է ստացել, իսկ մեքենաների թիվը հասել է 15-ի: Դրանց շարքում մեքենաներ են` բեռնված հայկական «Ջերմուկ» հանքային ջրով:

Աղբյուրի համաձայն, առաջին օրը հարցով զբաղվել է նախարարությունը, այնուհետև ՀՀ հարկային ծառայությունը, որից հետո` վարչապետը և նույնիսկ նախագահը:

«Վրացական կողմը հստակ բացատրություն չի տալիս. ստորադասը վկայակոչում է վերադասի հրամանը, իսկ վերջինս ասում է, որ նման հրաման չի տվել: Այս խնդիրը, հնարավոր է, քաղաքական բնույթ է կրում»,- նշել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունում:

«Վերին Լարս» ՀԱԿ-ում արդեն երկու օր կանգնած են խաղողով բեռնված 10 մեքենաներ, որոնք ուղևորվում են Ռուսաստան: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ին դիվանագիտական աղբյուրներից, ներկա պահին պարզվում են հայկական բեռը պահելու պատճառները, որը նախատեսված է Ռուսաստանի համար:

Իրազեկ աղբյուրները հաղորդում են, որ անցակետը փակվել է Վրաստանի կողմից: «Թբիլիսին այդ կերպ բողոքում է նրա դեմ, որ Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել վրացական բանաձևին»: Երկրորդ պատճառը` «Վերին Լարսը» փակվել է Թուրքիայի խնդրանքով, որը ցանկանում է հայկական խաղողը դուրս մղել ռուսական շուկայից: