Սամցխե-Ջավախեթի նահանգի, որի երեք շրջաններում խտաբարո ապրում են հայեր, տեղական ինքնակառավարման մարմնի պատգամավորները բողոքի ցույց են անցկացրել Թբիլիսիում` նահանգապետ Գիգլա Բարամիձեի կողմից կիրառվող կառավարման մեթոդների դեմ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Ժողովրդական ընտրյակները պահանջել են Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հետ հանդիպում: Ակցիայի մասնակիցները պահանջում են Գ. Բարամիձեին ազատել զբաղեցրած պաշտոնից: Ժամանակ առաջ այդպիսի պահանջով հանդես էր եկել նաեւ Ախալքալակի վարչության ղեկավար Մելիք Ռաիսյանը, որը Վրաստանի խորհրդարանում ներկայացնում է այդ հայաբնակ շրջանը: Նա հայտարարեց, որ «եթե Բարամիձեն պաշտոնաթող չլինի, ապա տարածաշրջանում կսկսվեն մասսայական բողոքի ակցիաներ»: Նահանգապետի պաշտոնաթողությունն է պահանջում նաեւ «Վրաստանի քաղաքացիների միություն» տեղական կառավարող կուսակցության տարածաշրջանային կազմակերպությունը: Կազմակերպության ներկայացուցիչները նույնպես գտնում են, որ Բարամիձեն բռնատիրում է իշխանությունը, բոլոր հարցերը լուծում է միանձնաբար եւ կենտրոն ներկայացնում է խեղաթյուրված տեղեկություններ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: