AM
23 Սեպտեմբեր 2010 - 11:35 AMT

Ընդդիմությունն ու ղեկավարությունը դժգոհ են Հայաստանում քաղաքական բանավեճի զարգացման մակարդակից

Հայաստանի քաղաքական համակարգը կայացման փուլում է, իսկ հայ հանրությունը չունի բանավիճելու մշակույթ: Այդ մասին Երևանում կայացած «Քաղաքական բանավեճը Հայաստանում՝ կայացման խոչընդոտներ և հնարավորություններ» թեմայով քննարկման շրջանակներում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Ըստ Զաքարյանի, քաղաքական բանավեճը նպատակ ունի բացահայտել խնդիրները, որոնք ծառացած են քաղաքական համակարգի առջև, բացահայտել նրա թույլ և ուժեղ կողմերը: «Գլխավորն այն է, որ բանավեճը պետք է արդյունավետ լինի, ինչն արդեն իսկ ճիշտ քաղաքական որոշումների գրավական է»,-ասել է նա:

Իր հերթին «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ստեփան Սաֆարյանը նշեց, որ քաղաքական համակարգի կայացման մակարդակը ուղիղ համեմատական է բանավեճի զարգացման մակարդակին: «Հայաստանում բանավեճի մշակույթի բացակայության պատճառները երկուսն են՝ ղեկավարության մոտ ցանկության բացակայությունը և հեռուստատեսության ազատության սահմանափակումը»,-ասել է նա:

Այդ առնչությամբ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանն ասել է, որ Հայաստանում զարգացած չէ քաղաքական բանավեճի մշակույթը, այն միշտ անձնավորված բնույթ է կրում: